ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, պարսկերեն ուսումնասիրող ուսանողներ, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Գոտիները կրկնօրինակված են պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի պատերի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Ծրագրի բուն առաքելությունն է պատրաստել 12 արծաթյա գոտիներ՝ խորհրդանշելով Քրիստոսի 12 աշակերտներին, և նրանց հանդերձներն ու գոտիները հանձնել Սուրբ Թադեոսի վանքին՝ մշտական ցուցադրության:

Ծրագրի նպատակն է նպաստել հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորման պահպանությանն ու նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջության ներկայացմանը: Միևնույն ժամանակ ծրագիրը միտված է խթանելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրերի հանրահռչակումը և հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

Սբ. Թադեոսի առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության ու շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության դրսևորումներ են:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ միջազգային ասպարեզում նմանօրինակ նախադեպ չի եղել, որ նյութական մշակույթը (հուշարձաններ) առնչվեր ոչ նյութական մշակութային ժառանգության հետ. «Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքներին մեծ կարևորություն և հոգածություն է տրվում՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր կողմերից այցելելու Սբ. Թադեոսի վանք, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»:

ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան իր հերթին նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ խորը արմատներով, և կարիք չկա այն ներկայացնելու:

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նույնքան ուշադրության կենտրոնում է պահում իր տարածքում գտնվող եկեղեցիները, որքան մզկիթները: Մեր ժողովուրդները գիտեն, թե ինչ է մշակույթը, և նրանց հատուկ է փոխադարձ հարգանքը կրոնների և կրոնական մշակույթների հանդեպ»,- ասել է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան:

Արծաթե գոտիների վարպետը Լևոն Պուչատյանն է: Նա ներկայացրել է պատկերները և դրանց խորհուրդները. օրինակ՝ արալեզ շները վերակենդանացնում էին զինվորներին, շունը լեզվով պահում է օձին՝ չարիքը, որպեսզի չարությունը չտարածվի աշխարհում և այլն:

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան ընդգծել է, որ 2022 թ. հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, և նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Նշենք, որ հայ-իրանական մշակութային համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում է: Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնին և ակտիվորեն մասնակցում կենտրոնի իրականացրած ծրագրերին։ Այդ համագործակցության շրջանակում 2020 թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում: