Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մասնակցում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայ քաղաքում անցկացվող «InClassica» դասական երաժշտության 10-րդ փառատոնին։

Այն իրականացվում է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» (EUFSC) և «SAMIT Event Group»-ի օժանդակությամբ։ Փառատոնի շրջանակում նաև անցկացվում է «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը, որի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և միջազգային ունկնդրին կներկայացնի Արամ Խաչատրյանի հանրահայտ Ջութակի կոնցերտը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Սերգեյ Սմբատյանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը՝ աշխարհում հանրահռչակել հայկական կոմպոզիտորական արվեստը և ներկայացնել հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունը։