2021-2022 թթ. ուստարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած արարողությանը ներկա էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈՒ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազմաթիվ մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի ներկայացուցիչներին։

«Ձեր հոգածության և հայացքի ներքո են ուսում առնում և կրթվում մեր ժողովրդի զավակները՝ մեր երկրի ապագա քաղաքացիները։ Արդարև, մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է մանկավարժ լինելը, քանզի յուրաքանչյուր ազգի հուսալի ապագան պայմանավորում են ուսումը, կրթությունն ու դաստիարակությունը։ Հատկապես արդի ժամանակներում, բազմակողմ ու արագընթաց դարձած մեր կյանքի բոլոր ոլորտներում առավել ենք զգում այդ իրողությունը։ Սիրելինե՛ր, մեր հայրենիքի կյանքում տեղ գտած վերջին զարգացումները, Արցախյան պատերազմը, հայրենիքի ներկայիս ծանր ու անկայուն վիճակը վկայում են, թե որքան մեծ տեղ պետք է տրվի կրթությանը և մրցունակ գիտելիքին մեր կյանքում։ Մեր կրած փորձությունը և շարունակվող դժվարությունները առավել շեշտադրում են նաև ճշմարիտ արժեքներով կերտված աշխարհայացքի, վեհ իդեալների ու ձգտումների կարևորությունն ու պահանջը, որոնք նախ և առաջ սերմանվում, աճում ու զարգանում են կրթօջախներում և ընտանիքում։ Կրթությունը ամենահզոր զենքն է։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդը մաքառել ու գոյատևել է և իր կյանքը կերտել ու վերակերտել է ամբարած գիտելիքի, ճանաչողության ու հմտությունների շնորհիվ։ Այսօր նույնպես հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը պետք է խարսխված լինեն մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքների, ինքնաճանաչողության, հայրենասիրության ու ազգասիրության վրա։ Կրթության մշակներիդ օրհնության այս նվիրական օրը առանձնահատուկ ցանկանում ենք արձանագրել, որ հայրենյաց սահմանների պաշտպանության ծառայության մեջ այսօր դրսևորվող ոգին պտուղն ու արգասիքն են նաև ձեր ներդրած ջանքերի։ Մեր Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում, շարունակելու է աջակցել մեր երկրում կրթության ու գիտության զարգացմանը։ Շարունակելու ենք համագործակցել նախարարության և կրթօջախների հետ՝ ապագայի բարի հույսերով ու հավատով»,- մասնավորապես նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ի պատիվ հրավիրյալների՝ միջոցառման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն: