Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ով ներկայացրել է համավարակի կանոններին առնչվող պարզաբանումներ:
Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին՝ համավարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված անցյալ ուսումնական տարվա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար, այնուհետև ներկայացրել բուհերի ընդունելության քննությունների Սյունիքի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Սյունիքը ամենաբարձր արդյունքն է գրանցել։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:
«ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ հակահամաճարակային կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար»,- նշել է փոխնախարարը:
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի և մեծ ձեռքբերումներ կրթության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։ Շեշտվել է, որ Սյունիքի մարզը ներառական կրթության արդյունավետությամբ Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: