ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Արցախի գիտական կենտրոնի միջև հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն փոխադարձ այցեր։

Նմանօրինակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև կայացած հանդիպմանը։ ԳԱԱ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի ու Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նշվել է, որ Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ Արցախում ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաները:

«Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ: Համագործակցության շրջանակում արդեն ութ գիտությունների թեկնածու այսօր աշխատում է կենտրոնում»,- նշել է Աշոտ Սաղյանը և կարևորել, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

«Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը, որն արտադրվել է հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի տրամադրած տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի Արցախի ամբողջ պահանջարկը»,- ընդգծել է Աշոտ Սաղյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է ստեղծել երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական խմբեր կամ լաբորատորիաներ:

«Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- շեշտել է ԳԱԱ նախագահը: