Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 3200 երեխա այս ամռանը հանգիստն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած ճամբարներում: Հյուրընկալող 7 ճամբարները գործել են 20 օր տևողությամբ, 2 հերթափոխով՝ յուրաքանչյուրում՝ 1600 մասնակից։

Արարատի մարզի երեխաները մեծամասամբ հանգստացել են Հանքավանի «Խոտորջուր» առողջարանում գործող «Գոհար» ճամբարում: Նրանց ճամբարային վերջին օրն անցել է ազգային երգ ու պարի մթնոլորտում՝ շնորհիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի: Վերջինս ճամբար էր այցելել ԿԳՄՍ նախարարության հրավերով:

«Մեծ ոգևորությամբ և սիրով ենք արձագանքել նախարարության առաջարկին: Արագ կազմակերպեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի խմբերից «Ակունք» ազգագրական համույթի այցը ճամբար՝ այդպիսով երգ ու պարի միջոցով երեխաների համար ապահովելով ինտերակտիվ հետաքրքիր ժամանց: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մասնակցում են ինտերակտիվ դաս-համերգների, իսկ այս անգամ ինքներս այցելեցինք երեխաներին: Ե՛վ մենք, և՛ երեխաները մեծ բավականություն ստացանք»,- ասում է Ֆիլհարմոնիայի ծրագրերի համակարգող Լիլիթ Բալաբեկյանը և համագործակցության համար շնորհակալություն հայտնում ԿԳՄՍ նախարարությանն ու ճամբարի ղեկավարությանը:

«Խոտորջուր» առողջարանի տնօրեն Սասուն Հովհաննիսյանի խոսքով՝ ճամբարային ծրագրի համար ավելի լավ վերջաբան, քան ազգագրական համույթի այցն էր, չէին կարող պատկերացնել. «Ճամբարային այս ծրագիրն ունի կրթադաստիարակչական մեծ ներուժ: Երեխաները նոր գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ՝ ուրախ ժամանակ են անցկացնում: Այդ համատեքստում «Ակունքի» այցը ևս շատ կարևոր էր, ինչի համար շնորհակալ եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիային և ԿԳՄՍ նախարարությանը»:

Արևաբույր համայնքից ամառային հանգստի եկած 13-ամյա Ռաֆայել Շիրոյանի խոսքով՝ «Ակունքի» կատարումները շատ տպավորիչ էին. «Հենց սկզբից բոլորիս մոտ պարելու ցանկություն առաջացավ: Շատ ուրախ ժամանակ անցկացրինք: Միշտ ցանկացել եմ ճամբարում լինել, և երբ իմացա, որ ես էլ եմ ճամբարական լինելու, անչափ ուրախացա: Չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան հետաքրքիր է լինելու: Բոլոր օրերը հագեցած են եղել հետաքրքիր խաղերով և տարբեր միջոցառումներով»:

«Իրոք շատ լավ օր անցկացրինք: Երգերը լսելիս միանգամից ուզում էինք պարել: Ես էլ եմ առաջին անգամ ճամբարում, շատ ուրախ օրեր անցկացրինք, տարբեր սպորտային մրցումների ենք մասնակցել, նոր երգեր ու պարեր սովորել»,- ընկերոջը լրացնում է Հովտաշատ համայնքից 9-ամյա Նարեկ Աղաջանյանը:

Դիմիտրով համայնքից 13-ամյա Նուշիկ Պիրոևան էլ արդեն երրորդ անգամ է ամառային հանգիստն անցկացնում ճամբարում և որոշել է՝ ինքն էլ է ջոկատավար դառնալու. «Արդեն ջոկատավարներից շատերին ճանաչում եմ, բոլորին շատ եմ սիրում, ես էլ կցանկանամ ապագայում լինել ջոկատավար: Այստեղ ինձ ամենաշատը դուր է գալիս նոր ընկերներ ձեռք բերելը, ճամբարի շնորհիվ շրջապատս մեծացել է»:

«Գոհար» ճամբարի ջոկատավարները մեծամասամբ մանկավարժներ են: Նրանցից Ջեմմա Նուրիջանյանը, որն ունի ճամբարականների հետ աշխատելու 5-ամյա փորձ, վստահեցնում է՝ ջանք չեն խնայել երեխաների առօրյան թե՛ կրթամշակութային, թե՛ սպորտային ու ժամանցային միջոցառումներով հագեցնելու համար. «Ի թիվս տարատեսակ նախաձեռնությունների՝ ճամբարում մեծ ուշադրություն ենք դարձնում ազգային երգ ու պարեր սովորեցնելուն: Այդ տեսանկյունից «Ակունքի» այցը շատ կարևոր էր և ուրախացնող: Մեծ տեղ ենք հատկացնում նաև սպորտային միջոցառումներին. շատ երեխաների շրջանում մարզական պատրաստվածության տեսանկյունից առաջին ու վերջին օրը զգալի տարբերություն ենք նկատում: Բոլորը շատ տաղանդավոր են, մեզ մնում է միայն համապատասխան միջոցառումների, խաղերի միջոցով նրանց մեջ արթնացնել այդ տաղանդը և նաև ինքնուրույնություն սովորեցնել, քանի որ 7-13 տարեկանների համար 20 օր առանց ընտանիքի ապրելը հեշտ չէ: Ամեն դեպքում, դատելով ծնողների արձագանքից, մեր ներդրած ջանքերը տալիս են համապատասխան արդյունք»:

Ազգայինի իմացությունն ու դրա նկատմամբ սերը ճամբարի երեխաներն արտահայտեցին՝ «Ակունքի» կատարումներին պատասխանելով իրենց երգ ու պարով: Համույթի անդամները, տպավորված երեխաների պատասխանից, նշեցին, որ ճամբարից հեռանում են հոգեպես հարստացած և վստահությամբ, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է: