Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթել է Մայ Նարվային (Էստոնիա) և 11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով զբաղեցրել առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում (անհատական առաջնություններ):

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հիանալի ելույթ է ունեցել նաև երիտասարդ շախմատիստուհի Աննա Սարգսյանը. նա 7,5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը: Սարգսյանը ևս նվաճել է աշխարհի գավաթի և ՖԻԴԵ-ի «Grand Swiss» մրցաշարի մասնակցության ուղեգիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 17-ամյա Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով գրավել է 21-րդ հորիզոնականը և լրացրել կանանց միջազգային վարպետի նորմա: Առաջնությանը մասնակցել են նաև Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը:

Նշենք նաև, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն էր: