ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ հանձնարարականները՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակի ամսավճարը կրկնապատկել, իսկ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռքբերած մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին հատկացվող թոշակն ավելացնել շուրջ 3 անգամ` Տոկիոյի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության ծրագրի հաշվին: Այսպես՝ Օլիմպիական խաղերի չեմպիոնին առաջարկվում է տրամադրել 1 միլիոն դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, իսկ նրա անձնական մարզչին՝ 500 հազար դրամ՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն։ Նախագծի հաստատման դեպքում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրները կստանան ամսական 700 հազար դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 350 հազար դրամի փոխարեն, նրանց անձնական մարզիչները՝ 350 հազար դրամ՝ 175 հազարի փոխարեն, իսկ բրոնզե մեդալակիրները և նրանց անձնական մարզիչները՝ համապատասխանաբար 600 հազար (ներկայում՝ 300 հազար) և 300 հազար դրամ (ներկայում՝ 150 հազար)։ Աշխարհի առաջնությունների չեմպիոնները կստանան 600 հազար դրամ, արծաթե մեդալակիրները՝ 400 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 300 հազար դրամ անվանական թոշակ, նրանց մարզիչները համպատասխանաբար 300, 200 և 150 հազարական դրամ: Առաջարկվող անվանական թոշակի ամսավճարի չափերը՝ նախագծի հավելվածում: Հաստատման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:
Օլիմպիական խաղերի մրցանակակիրների պատվովճարի ավելացում
Ամսական պատվովճարների մասով ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Օլիմպիական խաղերի չեմպիոններին ներկայիս 200 հազար դրամի փոխարեն հատկացնել 300 հազար դրամ, արծաթե մեդալակիրներին՝ 200 հազար դրամ (ներկայում՝ 140 հազար դրամ), իսկ բրոնզե մեդալակիրներին՝ 150 հազար (ներկայում՝ 100 հազար դրամ): Ամսական պատվովճարները կտրամադրվեն մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցկյանս։ Նախագծի հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
Տարեվերջյան միանվագ պարգևատրում
Բացի պատվովճարներից և անվանական թոշակներից՝ ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում նաև Օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին, նրանց մարզիչներին և բժիշկներին տրամադրվող տարեվերջյան միանվագ պարգևատրման սանդղակում:
Նախատեսվող փոփոխություններով Օլիմպիական խաղերի չեմպիոնները կպարգևատրվեն 25 միլիոն դրամ միանվագ գումարով՝ ներկայիս 20 միլիոնի փոխարեն, արծաթե մեդալակիրները կստանան 20 միլիոն դրամ (ներկայում՝ 15 միլիոն դրամ), իսկ բրոնզե մեդալակիրները՝ 15 միլիոն դրամ (ներկայում՝ 10 միլիոն դրամ)։ Կավելանա նաև ազգային հավաքականների և մեդալակիրների անձնական մարզիչների, հավաքականների բժիշկների պարգևատրումը: Սույն որոշման ընդունման դեպքում այն կտարածվի 2021 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացմանը, սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան որոշակիորեն լուծելու Հայաստանի հավաքական թիմերի մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների, բժիշկների առօրյա խնդիրները և միևնույն ժամանակ կդառնան բարձր նվաճումների խթան:
Հավելենք, որ առաջարկվող նախագծերի հանրային քննարկումը նախատեսված է մինչև սեպտեմբերի 6-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները: