ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հայաստանյան թատերախմբի մասնակցության ծրագիրը: «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Էլժբետա Խովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան)։ «Գարդենիա» ստեղծագործությունն ունի գեղարվեստական բարձր արժեք իր նախ պատմողական, ապա երկխոսությունների հստակ, կտրուկ, թվացյալ պարզ լեզվի շնորհիվ։ Այն ուղերձ է հանդիսատեսին` ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։

Ներկայացման դերակատարներն են Տաթևիկ Մելքոնյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

«Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր թատերական փառատոնն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից: