Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը:

«Օգոստոսի 22-ի համերգը նվիրված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի վառ հիշատակին, ով 2004-2020 թթ. հանդիսացել է անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու իր ողջ կյանքը նվիրել հայ երաժշտարվեստի զարգացման, մաքրամաքուր մատուցման ու պահպանման անգնահատելի գործին: Նա օժտված էր ամենաբարձր արժեքներով, զսպվածությամբ, ապրելու և արարելու մշակույթով»,- նշել է անսամբլի տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանի և հավելել, որ Ժիրայր Ալթունյանի տված խորքային խորհուրդները, անսպառ հումորն ու թևավոր մտքերն այսօր էլ ապրում են անսամբլում:

Նրա տեղեկացմամբ համերգը բաղկացած է 2 բաժնից. կներկայացվեն կատարումներ Ժիրայր Ալթունյանի մշակումներով, ինչպես նաև ժողովրդական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, որոնք կհնչեն առաջին անգամ:

Խոսելով համագործակության ծրագրերի մասին՝ Լ.Մելքոնյանը նշել է, որ «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում օգոստոսի 14-ին Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի ամբողջ կազմը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո համերգային ծրագրով հանդես է եկել Տավուշի Բերդավան համայնքում՝ մշակութային գեղեցիկ ժամանց և լավ տրամադրություն պարգևելով սահմանամերձ համայնքի բնակիչներին: Առաջիկայում էլ անսամբլը մշակութային ծրագրի մատչելիության ապահովման նպատակով նախատեսում է ներառական մի նախագիծ, որի շրջանակում հատուկ կարիքներ ունեցող անձինք կընդգրկվեն անսամբլի պարային, երգային և երաժշտական համարներում:

Նշենք, որ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի տնօրեն և գեղարվեստական մասի պատասխանատուն է Գրիգոր Ոսկանյանը, գլխավոր բալետմայստերը՝ Գարիկ Խաչիկյանը: