Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց:

Վերապատրաստման մասնակիցներին տեսակապի միջոցով ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Նոր չափորոշիչների արդյունավետ ներդրման գործընթացում չափազանց կարևոր է դպրոցի ղեկավար կազմի դերը: Տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն նոր չափորոշչով նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու, այդ թվում՝ նոր ուսումնական պլանները, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանները և մնացած բովանդակային բարեփոխումները հաջողությամբ կիրառելու գործում»,- նշել է փոխնախարարը` հաջողություն մաղթելով ներկաներին:

Ժ. Անդրեասյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես, ԲՏՃՄ (բնագիտամաթեմատիկական և գիտատեխնիկական) առարկաների վերապատրաստումն իրականացնող «Այբ» կրթական հիմնադրամին, որն ամռան ամիսներին ակտիվ աշխատել է՝ ապահովելով վերապատրաստումների դինամիկ և անխափան ընթացքը։ Փոխնախարարը նշել է, որ առջևում շարունակական աշխատանք է սպասվում, ուստի կարևոր է առավելագույնս ներգրավված լինել և հետադարձ կապի միջոցով նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը հանդիպման ընթացքում նշել է, որ այս վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ դպրոցների տնօրենները և փոխտնօրեններն առաջին անգամ են վերապատրաստվում ուսուցիչների հետ միասին։ Արդյունքում նրանք դառնալու են հանրակրթության նոր չափորոշչի գործընթացի առաջնորդները, որը սկսվել է Տավուշում և հետագայում տարածվելու է ամբողջ հանրապետությունով։

Դպրոցների ղեկավար կազմերի վերապատրաստման ծրագիրը հիմնված է արդյունավետ առաջնորդության միջազգային փորձի վրա և նպատակ ունի աջակցելու դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին՝ իրենց դպրոցներում արդյունավետ կերպով առաջնորդելու բարեփոխումների գործընթացը և հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը։

Զարգացման ծրագրի շրջանակներում մասնակիցները տեսական և գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրել են իրենց ամենօրյա աշխատանքում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

  • Դպրոցի բարելավմանը և արդյունքների գնահատմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակում,
  • Դասավանդման և ուսումնառության առաջնորդում,
  • Համակարգային փոփոխությունների առաջնորդում,
  • Ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալում,
  • Թիմերի առաջնորդում, արդյունավետ հաղորդակցություն, ինքնազարգացում և ուրիշների զարգացմանը նպաստող գործունեության ծավալում:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրը կազմված է եռօրյա դեմ առ դեմ հանդիպումներից։ Գործընթացը կուղղորդվի մենթորության խմբային հանդիպումներով ու քննարկումներով և կտևի մինչև 2022 թ․ մայիս ամիսը։

Նշենք, որ օգոստոսի 14-ին ավարտվել են Տավուշի մարզի դպրոցների՝ ԲՏՃՄ (բնագիտամաթեմատիկական և գիտատեխնիկական) ոլորտի առարկաներ դասավանդող 600 ուսուցիչների վերապատրաստումները, որոնք իրականացրել են «Այբ» կրթական հիմնադրամի մասնագետները։ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում: