Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է «Ուսանողական ամառ-2021»-ը, որն անցկացվում է բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և բուհի այլ պատասխանատուներ։ Ողջունելով ուսանողական խաղերի մասնակից ճամբարականներին՝ բուհի ռեկտորն ասել է. «Չափազանց կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը։ Հասկանում եմ ձեր էմոցիաները, որովհետև ես էլ եմ ժամանակին կանգնած եղել ձեր տեղում։ Մաղթում եմ ձեզ առողջ մրցակցություն, անսպառ խանդավառություն և թիմային համերաշխություն»:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը, ազդարարելով «Ուսանողական ամառ-2021» մարզամշակութային փառատոնի բացման մասին, նշել է. «Դիլիջանյան այս բնության գրկում արդեն որերորդ տարին անցկացնում ենք մարզամշակութային այս փառատոնը, որի շրջանակում մի քանի տասնյակ սերունդներ արդեն կերտել են պատմություն, անցկացրել ուսանողական կյանքի վառ օրեր, ձեռք բերել ընկերներ»:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՊՏՀ ֆակուլտետների և բուհի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներից կազմված 7 ջոկատները սկսել են մրցապայքարը: Ծրագրում ներառված են բազմաբնույթ մարզական խաղեր՝ վոլեյբոլ, հրաձգություն, պարանի ձգում, սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, ջրախաղ, աքլորակռիվ: Ուսանողները հարուստ ու հետաքրքրական ծրագիր են նախապատրաստել նաև ինտելեկտուալ ու մշակութային միջոցառումների շրջանակում: Հայ արձակ գրականության թեմայով կանցկացվի նաև «Ջոկատի օր», որին մասնակից յուրաքանչյուր խումբ կներկայանա հայ գրողներից մեկի որևէ ստեղծագործությամբ: «Ուսանողական ամառ-2021»-ին մասնակցում է 110 ուսանող, այդ թվում՝ ASUE educational camp եռօրյա կրթական ճամբարի ամենաակտիվ մասնակիցները: Փառատոնը կեզրափակվի օգոստոսի 18-ին՝ գալահամերգով:

Նշենք նաև, որ ավանդական դարձած այս միջոցառումն ակտիվ հանգստի, մարզամշակությային և ինտելեկտուալ խաղերի, առողջ մրցակցության և նոր ծանոթությունների հիանալի համատեղում է: Ուսանողական փառատոնից հետո մարզաառողջարանում իր 7-օրյա հանգիստը ակտիվ կանցկացնի ուսանողական նոր հերթափոխը: