Երկարատև մանկավարժական գործունեության և հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Ուկրաինայի Դնեպր քաղաքի հայկական դպրոցների Հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր այցելել է Սեդա Ղևոնդյանի գերդաստան՝ նախարարության անունից գնահատանքի խոսքեր ասելու բազմավաստակ ուսուցչուհուն և ևս մեկ անգամ արժևորելու նրա հայանպաստ գործունեությունը սփյուռքում:

92-ամյա Սեդա Ղևոնդյանը մանկավարժական գործունեությունն սկսել է Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցից՝ դասավանդելով «Հայոց լեզու և գրականություն» առարկան: 1987 թ.-ից հաստատվել է Դնեպրոպետրովսկ (ներկայում՝ Դնեպր) քաղաքում և շարունակել դասավանդել կիրակնօրյա դպրոցներում: Մանկավարժական 60 տարիների ընթացքում նա աշխատել է նաև Դնեպրի «Վարդուհի» հայկական մշակութային կենտրոնում, օգնել երիտասարդ ուսուցիչներին իր փորձառությամբ և գիտելիքներով: Նա կազմել է մեթոդական ձեռնարկներ Ուկրաինայի հայկական համայնքի ուսուցիչների համար, հեղինակել նաև «Պատմություններ իրական կյանքից» գիրքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Սեդա Ղևոնդյանին սփյուռքում ծավալած մանկավարժական բեղուն գործունեության համար և մաղթել երկար տարիների առողջ կյանք: «Հայապահպանությունը սփյուռքում ապահովվում է Ձեզ պես անձնազոհ մարդկանց ջանքերով: Գնահատելով Ձեր գործը՝ այդպիսով նաև ցանկանում ենք սփյուռքում կրթամշակութային գործունեության մեջ ընդրգկվող երիտասարդներին ազդակներ տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական նվիրյալը՝ հայրենասեր, անշահախնդիր և անձնազոհ: Դուք վառ օրինակ եք մեր այն ուսուցիչների համար, որ սփյուռքում հանգրվանած հայորդիներին մայրենի են ուսուցանում և պահպանում են մեր ինքնությունը»,- ասել է փոխնախարարը:

Բազմավաստակ մանկավարժը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: «Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, ուրախ եմ, որ իմ փորձով և մեթոդներով կարող եմ օգտակար լինել նրանց՝ կայանալու և ծավալելու հայրենանվեր գործունեություն: Իմ բազմաթիվ աշակերտներ այսօր տարբեր բնագավառներում կայացած մարդիկ են. ուսուցչի համար ավելի լավ պարգև չկա»,- եզրափակել է վաստակաշատ մանկավարժը: