Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ։

Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանն առաջին տուրում հաղթանակ են տոնել, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարի 7-րդ համար Մերի Արաբիձեի հետ, իսկ Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են: Այսօր կայանալու են երկրորդ տուրի պարտիաները. Դանիելյանը մրցելու է Զեյնաբ Մամեդյարովայի (Ադրբեջան) հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Ուլվիյա Ֆաթալիևայի (Ադրբեջան), Սարգսյանը՝ Տատյանա Դորնբուշի (Մոնակո), Գաբոյանը՝ Նատալյա Բուկսայի (Ուկրաինա), Գևորգյանը՝ Ալեքսանդրա Տարասենկայի (Բելառուս), Ղուկասյանը՝ Պետրոնելա-Ալեքսանդրա Պարաշիվի (Ռումինիա), իսկ Մարիամ Մկրտչյանը՝ Իննա Ագրեստի (Շվեդիա) հետ:

Մրցաշարին մասնակցում է 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

Նշենք նաև, որ առաջնության գլխավոր մրցավարը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է: