Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ նախատեսում է բաց քննարկում շուրջ 150 երիտասարդի մասնակցությամբ նրանց ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ:
Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագիրը: «Լոֆթ» կենտրոնում քննարկումն ինտերակտիվ անցկացնելու համար ընտրվել է «ակվարիում» (fishbowl) ձևաչափը:
Ըստ «ակվարիում» ձևաչափի՝ սրահը բաժանվում է հավասարապես 4 մասի (գունային տարանջատմամբ)։ Յուրաքանչյուր ուղղություն ունենում է իր թեման/խորագիրը, որի համար հրավիրվում են համապատասխան փորձագետ/ոլորտի ներկայացուցիչ և յուրաքանչյուր թեմայի համար՝ տվյալ թիրախի մասնակիցներ: Յուրաքանչյուր թեմայի մասնակիցների թիվը պայմանականորեն 25-ն է:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, միջոցառման արդյունքները կամփոփեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Քննարկման 4 տարբեր ուղղություններն ու հրավիրված խոսնակ-փորձագետներ են՝
- Կրթություն (կապույտ թև), «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն», խոսնակ՝ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան,
- Երիտասարդական մարզային ծրագրեր (շագանակագույն թև) | «Երիտասարդների համաչափ սոցիալական զարգացում», խոսնակ` Macro Lab կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյան,
- Երիտասարդության զբաղվածություն (նարնջագույն թև) | «Բուհ-ից մինչև գործատու», խոսնակ՝ Cascade People & Business-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյան,
- Պարենային համաշխարհային անվտանգություն (կանաչ թև) | «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության», խոսնակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան:
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ նաև 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաք Կապանում:
Երիտասարդության միջազգային օրը որպես ՄԱԿ-ի հաստատած տոն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին: Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև ծառացած ամենօրյա խնդիրների մասին: