Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի շուրջ 120 պատանի այցելել է Երևանի պետական համալսարան:

«Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի հետ համատեղ:

8 երկրից ժամանած պատանիներին բուհի գործունեությանը ծանոթացնելու նպատակով ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է շրջայց: Մայր բուհի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ողջունել է սփյուռքահայ պատանիների այցը և հույս հայտնել, որ նրանցից շատերը կվերադառնան Հայաստան և կսովորեն հենց ԵՊՀ-ում: Մասնակիցներն այցելելել են ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան և ԵՊՀ մշակույթի կենտրոն։ Վերջինիս տնօրեն Կարինե Դավթյանը ներկայացրել է գործող խմբերն ու մշակութային ծրագրերը, կենտրոնի բազմաժանր գործունեությունը: Սփյուռքահայ պատանիները նաև հետևել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և պարային համույթի, «YSU band»-ի ելույթներին:

Նշենք, որ ծրագրին աջակցում են նաև «Վորլդ Վիժն», «Արտա Տուր» կազմակերպությունները, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը: