ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացվում է «Համայնքահեն ծրագրեր և ոչ նյութական մշակութային ժառանգության կարողությունների զարգացում համայնքային կազմակերպությունների համար» ծրագիրը:

Այն նախատեսում է համայնքային զարգացման ծրագրերում ոչ նյութական մշակութային ժառանգության ներգրավման հնարավորությունների մասին իրազեկման և գործնական կարողությունների զարգացման դասընթաց Իջևան համայնքի մշակութային ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների, նաև համայնքների երիտասարդական խմբերից ընտրված մասնակիցների համար։ Դասընթացը ներառում է տեսական գիտելիք և գործնական հմտությունների փոխանցում՝ տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը ճանաչելու, նույնականացնելու, փաստաթղթավորելու և շտեմարանավորելու ուղղությամբ։

Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչումը հնարավորություն է համայնքների մշակութային, սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային գործնական ներուժի բացահայտման և կայուն զարգացման համար։ Ըստ հետազոտությունների՝ տեղական մշակույթի վրա հիմնված համայնքահեն ծրագրերն առավել մրցունակ, շարունակական և զարգացող են։

Իջևան համայնքում իրականացվող ծրագիրը կարող է լավ մեկնարկ լինել Հայաստանի մյուս համայնքներում ևս ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր իրականացնելու ճանապարհին: