ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը:

«Զարդագիր» հաղորդաշարը նկարահանվել է 2020 թվականին: Այն բաղկացած է 8 հաղորդումից։ Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է հայկական մշակույթի և գիտության մի ճյուղ։ Հաղորդաշարի նպատակն է առավել մատչելի և հետաքրքիր ներկայացնել մատուցվող նյութը, երեխաների շրջանում հետաքրքրություն հարուցել հայկական մշակույթի հանդեպ։

2021 թվականի հուլիսի 21-25-ը «Զարդագիր» (մաս 2) ծրագրի շրջանակում կազմակերպվել է հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դաս Սյունիքի մարզում և Արցախում՝ ներգրավելով սահմանամերձ համայնքների շուրջ 300 երեխա։

Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից. հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված, որի ընթացքում երեխաները նկարում և գունազարդում են կիսով չափ եզրագծված զարդագիր «Զ» տառը՝ օգտագործելով այն գույները, որոնք առավել հաճախ են հանդիպում հայկական մանրանկարներում։

Նշենք, որ «Զարդագիր» ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդգրկել նաև ՀՀ մյուս մարզերը և սահմանամերձ համայնքները։