Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա)՝ 5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին՝ 4։1։

Օգոստոսի 3-ին մրցելույթ են ունեցել նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ): Աղասյանը B խմբում 16.42 մետր արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը և դուրս մնացել հետագա պայքարից: Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է հունգարացի Բալինտ Կորպաշիին՝ 1:1, ապա քառորդ եզրափակչում պարտվել Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդին՝ 7:7: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Ասլանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Բացի դրանից՝ այսօր մրցելույթ է ունենալու ևս 3 հայ օլիմպիական. Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ռուս Մուսա Եվլոևի հետ կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար, Կարապետ Չալյանը (77 կգ) բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ, իսկ Երևանի ժամանակով 14:50-ից մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):