Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է մեդալային պայքարը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 5։0:

Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արման Դարչինյանը (75 կգ), քառորդ եզրափակչում պարտվել է ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվել մեդալ նվաճելու հնարավորությունից:

Մրցելույթներն ավարտել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը: 60 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում նա հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալի Ռեզա Նեժատիին, ապա պարտվել է ուկրաինացի Լենուր Տեմիրովին և դուրս մնացել պայքարից:

Ավելի վաղ հայ օլիմպիականներից մրցելույթներն ավարտել էին հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ):

Լուսանկարները` Ասատուր Եսայանցի