Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ու Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը: Կողմերի համագործակցությունը նախատեսում է ՀԱՊՀ ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառում և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերում, երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսություն, շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակում։ Բացի դրանից՝ հուշագիրը կողմերին հնարավորություն կընձեռի այսուհետ համագործակցել ոչ միայն գիտական հետազոտությունների, այլև մասնագետների և ուսանողների փոխանակման բնագավառներում:
Ռեկտոր Գոռ Վարդանյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը տալու է դրական արդյունքներ. «ՀԱՊՀ-ն ունի կարևորագույն առաքելություն ինժեներական կրթության ուղղությամբ, և այդ առաքելությունը պետք է արտահայտվի ոչ միայն մասնավոր աշխատաշուկայում, այլև պետական գերատեսչություններում։ Այսօր պետական գերատեսչություններն առավել քան կարիք ունեն որակյալ ինժեներ մասնագետների։ Վստահ եմ՝ այս համագործակցության արդյունքում կունենանք մասնագետների հոսք դեպի պետական կառույցներ»։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանն ընդգծել է՝ նպատակը ոչ թե ֆորմալ հուշագրի ստորագրումն է, այլ երկուստեք լավագույն արդյունք ապահովելը. «Մեր նախաձեռնության հիմքում եղել է նոր կադրեր ընտրելը, որոնց կապահովենք աշխատանքով, եթե իրենք ցանկանան։ Իզուր չեմ նշում՝ եթե ցանկանան, որովհետև լավագույն կադրերը ստիպում են, որ իրենց գործատուն ևս լինի մրցունակ և համապատասխանի աշխատաշուկայի նոր իրողություններին»։