Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում 2019 թվականին մեկնարկել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ» դրամաշնորհային ծրագիրը, որի համատեքստում համալսարանը ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ է եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը և կրթական բովանդակության արդիականացմանը:

ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի արդիականացում և ներդնում, որի շրջանակում կիրականացվի կրթամասերի տեսքով երկու ուղղությունների՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» առանձնացում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Բուհի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետներում:

Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկում են իրականացրել բուհում: Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տ. Դադայանը ներկայացրել է դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մանրամասները:

«Տրանսպորտային ուղիների շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում: Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում` տեսական հիմնավորումներ կատարելով: Այսօր ժամանակակից նյութերի կիրառումը պահանջում է ուսումնասիրել դրանց ազդեցությունը կառույցի կոնստրուկցիայի հետագա ընթացքի վրա: Այս առումով շինարարական գիտության ոլորտում ուսանողների, ինչպես նաև արդեն կայացած մասնագետների համար անգնահատելի նվեր է Հայաստանում նման լաբորատորիա ունենալը»,- նշել է ամբիոնի վարիչը:

Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Այս լաբորատորիան ծրագրի միակ ձեռքբերումը չէ. ՃՇՀԱՀ-ն արդեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնափորձարարական լաբորատոր բազա ունի, որտեղ ուսանողների համար կամուրջների շինարարության և շահագործման ոլորտի ուսումնասիրություններին ծանոթացնելու համար լավագույն հնարավորություններ են ստեղծված: Հիմնվելով ստեղծված լաբորատոր բազայի վրա՝ բուհն արդեն իսկ համագործակցություն է նախաձեռնել գործող շինարդյունաբերության, շինարարական և շինարարությունները վերահսկող կազմակերպությունների հետ ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Նորաստեղծ լաբորատորիայում, որտեղ տեղակայված էին ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներն ու հարմարանքները, ներկաները քննարկել են կրթության բովանդակությանն առնչվող որոշ հարցեր: ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ավարտվել են «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ներառված դասընթացների ծրագրերի մշակումը, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակման գործընթացը, ընթացքում է ուսումնական ձեռնարկների և ուղեցույցների տպագրությունը:

Կարևորելով նոր տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում՝ ծրագրի շրջանակում համալսարանն իրականացրել է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Վարազդատ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջիկայում կմեկնարկի նաև լաբորատորիաների արտոնագրման գործընթացը, որը ժամանակատար է, սակայն դրա արդյունքում բուհը կունենա փորձաքննություններ անցկացնելու արտոնագիր` նորաստեղծ լաբորատորիաների համար:

Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված այս ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան որակի նոր չափանիշ է ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես: