ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ն (նախագահ՝ Էրվին Ամիրյան) օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի դասական վոկալ երաժշտության համերգ՝ «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» խորագրով:
Համերգին ելույթ կունենան ազգությամբ եզդի մեներգչուհի Դիանա Ամիրյանը (սոպրանո, Գերմանիա) և ազգությամբ քուրդ մեներգչուհի Յուլիա Կարատաշը (սոպրանո, Գերմանիա), նվագակցող՝ Գայանե Թորոսյան:
Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ՝ հայ (Է․ Միրզոյան, Ա․ Սպենդիարյան) և եվրոպական կոմպոզիտորների (Շուբերտ, Կաչինի, Ջովանի, Հենդել, Գլյուկ) ստեղծագործություններից: Համերգը բաղկացած է երկու բաժնից. առաջին հատվածում, ի նշանավորումն անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա և Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանների, կհնչեն նրանց ստեղծագործություններից։ Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Կոմիտաս Վարդապետի հայերեն և օտար լեզուներով գրառած երգերը: Համերգը կվարի դերասան Արեն Խաչատրյանը:
Նշենք, որ Դիանա Ամիրյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հետագայում ուսումը շարունակել է նույն բուհի ասպիրանտուրայում` պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: Մենահամերգներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում:
Դ. Ամիրյանը Գերմանիայում հիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ: 2019 թ. արժանացել է Դյուսբուրգ քաղաքի հատուկ մրցանակի` երկարամյա մանկավարժական գործունեության և երգարվեստում մեծ ավանդի համար:
Յուլիա Կարատաշն ավարտել է Վուպերտալի (Գերմանիա) կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Մենահամերգներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում hիմնել է իր վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ: