Ավելի քան 45 ներկայացուցիչ՝ ԱՊՀ-ից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից, Եվրոպայից, Չինաստանից և Հայաստանից, 2021 թ. հոկտեմբերի 11-14-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կմասնակցի «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովին:

Հոդվածների ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. սեպտեմբերի 3-ն է, իսկ ամբողջական հոդվածինը՝ գիտաժողովից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում: Գրախոսման փուլն անցած հոդվածները կտպագրվեն ՃՇՀԱՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված պարբերականներից մեկում (էլ. հասցե՝ international@nuaca.am, scientificpolicy@nuaca.am):

Գիտաժողովի անցկացման գլխավոր նպատակն է քննարկել պատմամշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող խնդիրները, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հուշարձանների պահպանման և ամրակայման լուծումներն ու միջոցները, պատմամշակութային հուշարձանների թվայնացման, թվային շտեմարանների ստեղծման և դրանց հետագա կիրառումը Հայաստանի և աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում, զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերը, ինչպես նաև տարբեր երկրների համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների միջև գիտական համագործակցության հաստատումն ու ընդլայնումը:

Գիտաժողովի անցկացման աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: