ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կիրականացնի «Ինքնության դարբնոց» ծրագիրը:
Այն հնարավորություն կընձեռի թանգարանի սոցիալ-կրթական միջավայրում ապահովել մշակութային ժառանգության հետ անհատի հաղորդակցումն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցմամբ: Ծրագիրը նախատեսված է հաշմանդամություն ունեցող զինվորների, մանկատան սաների, ծերանոցի շահառուների համար և կտևի օգոստոսից նոյեմբեր:
«Ինքնության դարբնոցում» դասավանդվելու են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն:
Գործնական դասերը, որոնք անցկացնելու են ոլորտի լավագույն վարպետները, կուղեկցվեն տեսական դասախոսություններով, քննարկումներով և այցելություններով այլ մշակութային հաստատություններ ու արվեստանոցներ: «Ինքնության դարբնոցում» սովորող բոլոր անհատները, անկախ իրենց մասնագիտությունից, ժամանակի ընթացքում դառնալու են հայկական հարուստ մշակութային ժառանգության՝ ազգային ինքնության կրողներն ինչպես գաղափարապես, այնպես էլ որոշ գործնական կարողությունների ու հմտությունների առումով:
Ծրագրի իրականացման փուլում թանգարանին կամավոր հիմունքներով կաջակցեն հոգեբաններ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակումբային ձևաչափով կկազմակերպվեն հանդիպումներ հետաքրքիր և ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կներկայացնեն իրենց փորձը: Որպես մեկնարկային նախագիծ, մասնավորապես մանկատան սաների համար, թանգարանը կհամագործակցի մի շարք բարերարների հետ, որոնք կդառնան երեխաների մենթորներ՝ աջակցելով իրենց սաներին և առաջնորդելով դեպի ապագա: