ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին՝ ժամը 21։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում հանդես կգա համերգով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում հանդես կգան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։
Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։