Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է գտնվել «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրության բացմանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով յուրահատուկ «ծաղկաքաղ» իտալական արդի արվեստի վառ ներկայացուցչի հարուստ ժառանգությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է ցուցադրության բացման կապակցությամբ և բարձր գնահատել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կարևորագույն դերը ժամանակակից արվեստի միտումները Հայաստանում ներկայացնելու առաքելության համատեքստում՝ միաժամանակ կարևորելով ցուցադրության կազմակերպումը հայ-իտալական մշակութային կապերի ընդլայնման տեսանկյունից:

Արա Խզմալյանն ընդգծել է, որ այսօր, ավելի քան երբևէ, հասարակությունը կարիք ունի արվեստի և մշակույթի հետ սերտ հաղորդակցության՝ վստահություն հայտնելով, որ իտալացի արվեստագետի ստեղծագործությունները վառ երանգներով կհարստացնեն հայկական մշակութային միջավայրը:

Նշենք, որ ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 3-ը: