ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Կ. Թռչունյանը նշել է, որ աշխատանքային խմբի քննարկումը տարվա ընթացքում ութերորդ հանդիպումն է որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման գործընթացում: Մինչ այս համանման հանդիպումներ են անցկացվել «Պատմություն», «Իրավագիտություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխատանք» ոլորտների ներկայացուցիչների հետ:
«Մեր բուհն ավարտողը չի կարող ունենալ այնպիսի որակավորում, որը համահունչ չէ եվրոպական չափանիշներին, և այսօր մշակվող որակավորումների շրջանակն առաջիկա տարիներին էլ բարեփոխվելու է՝ հաշվի առնելով գյուղատնտեսության բնագավառում համաշխարհային զարգացումները»,- ասել է փոխնախարար Կ. Թռչունյանը՝ հավելելով, որ բուհի շրջանավարտը պետք է ունենա ժամանակին համահունչ գիտելիքներ և հմտություններ, այլ ոչ թե՝ ժամանակավրեպ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե գյուղատնտեսության ոլորտի որ մասնագիտության համար է անհրաժեշտ միջին մասնագիտական, բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Կ. Թռչունյանն ագրարային համալսարանի ներկայացուցիչներին ասել է, որ բուհը նույնպես պետք է շահագրգռված լինի վերլուծելու աշխատաշուկայի պահանջներն ու դրանց համաձայն՝ պատրաստել մրցունակ մասնագետներ:
ՀԱԱՀ անասնաբուժության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ համաշխարհային փորձը ներդնելիս ու տեղայնացնելիս հարկավոր է հաշվի առնել մեր երկրի առանձնահատկությունները և շատ հեռուն գնացող նպատակներին հասնելու համար նախ սահմանել միջանկյալ թիրախներ: Նա նաև տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարվանից բուհում բարձր կուրսերի ուսանողները կունենան աշխատանքային կիսամյակ, երբ տեսական գիտելիքները կփորձեն կիրառել գործնականում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի արդիականացման, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկմանը ներկա ուսանողները, տեսական գիտելիքներից զատ, նույնպես կարևորել են գործնական հմտություններն ու կարողությունները զարգացնելու հարցը:
Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել են ոլորտի որակավորումների շրջանակի մշակման ընթացակարգն ու ժամանակացույցը. սեպտեմբերին նախատեսվում է նախագիծը ներկայացնել բուհի, ուսանողների քննարկմանը, ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող ընկերությունների դիտարկումները: