Ճանաչողական, բազմաբովանդակ ու գործնական․ այսպիսին էր հուլիսի 19-ից 21-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացված «Հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա կրթական ճամբարը։

ASUE Educational Camp-ը հարստացրել է բուհի 36 սաների, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ամառային առօրյան՝ նրանց համախմբելով գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակման միջավայրում։

Այդ օրերին ճամբարականներին այցելել են բուհի ղեկավարներ ու դասախոսներ, ինչպես նաև բանախոսներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դերասանուհի Տաթև Ղազարյանը, թեման՝ «Հանրային խոսք», ոճաբան Առգաթան, թեման՝ «Էթիկան՝ որպես հմտություն», SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի հիմնադիր, ՀՊՏՀ մարքեթինգի պատասխանատու Արտակ Հարությունյանը, թեման՝ «Համակարգային մտածողություն» և Skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, թեման՝ «Հաղորդակցություն»:

Ճամբարի փակման արարողությանը մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Ռեկտորը կարևորել է կրթական գործընթացի և ժամանցի համակցված այդ ձևաչափը և ընդգծել. «Այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են արտալսարանական կրթություն ապահովելու տեսանկյունից։ Համալսարանի տված ակադեմիական գիտելիքը պետք է զուգակցել ոչ ֆորմալ կրթությամբ»։

Հավելենք, որ ՀՊՏՀ-ականների հետ ճամբարին մասնակցել են նաև արցախցի 10 երիտասարդներ՝ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական համալսարանների ուսանողներ: Ճամբարի բոլոր մասնակիցներն արժանացել են հավաստագրերի: