ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին:

Փաստելով, որ կա այդպիսի գաղափար, և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ, նշել է, որ դա օպտիմալացում չէ. «Դա ինքնանպատակ չէ, հարցը մանրակրկիտ քննարկվել է և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չի դիտարկվում։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց»։

Այն լուրերի առնչությամբ, թե թատրոններից մեկի շենքում ռեստորան է բացվելու, նախարարի պաշտոնակատարը շեշտել է՝ բացառված է, որ այդպիսի բան լինի. «Մենք ունենք Պետական սիմֆոնիկ նվագախումբ, որը խորթ զավակ չէ և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևէ մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են: Հրաշալի է, որ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են»:

Վահրամ Դումանյանի հավաստմամբ՝ այդ քայլով լուծվում է Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի հարցը, որը լրջագույն խնդիր է. «Ինչ վերաբերում է Կամերային թատրոնի անձնակազմին, ապա մեր տվյալներով՝ նրանք հայտնվելու են շատ ավելի լավ պայմաններում: Իրենց ստեղծագործական ազատությունը, բեմադրությունները և գործունեությունը չեն խաթարվելու»:

Բնական համարելով այն, որ Կամերային թատրոնում կան որոշակի դժգոհություններ, քանի որ մարդիկ ավանդույթի ուժով իրենց պատկերացնում են միայն այդտեղ և ուրիշ ոչ մի տեղ, նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը միաժամանակ ընդգծել է. «Դրանք լիովին ընկալելի զգացումներ են, բայց պետությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի իր վրա և չի կարող զգայական ամբիցիաների բավարարման ճանապարհով գնալ»: