Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը կնքել են համագործակցության հուշագիր:

Համաձայնագիրը, որ ստորագրվել է մետալուրգի մասնագիտական տոնին, պոլտեխնիկական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտա գիտելիքները կատարելագործել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում, իսկ կոմբինատին՝ ունենալ բարձրակարգ ինժեներական կադրային հերթափոխ:

Կողմերը համագործակցելու են ընդերքօգտագործման ոլորտի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի կատարելագործման, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացման և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման հարցերում։ Հուշագրի արդյունավետ իրականացման նպատակով ձևավորվելու է միացյալ աշխատանքային խումբ, որը մշակելու է միջոցառումների ծրագիր, ժամանակացույց և այն ներկայացնելու է կողմերի հաստատմանը:

Մինչ համաձայնագրի ստորագրումը Թեղուտ այցելած հյուրերը եղել են հանքավայրում և լեռնահարստացուցիչ կոմբինատում, ծանոթացել հանքաքարից մինչև պղնձի և մոլիբդենի խտանյութ շղթային: Կոմբինատի աշխատակիցները հյուրերին ներկայացրել են միջազգային լավագույն ընկերությունների տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած արտադրությունը, որտեղ ամեն ինչ իրականացվում է ավտոմատացման ռեժիմում, իսկ աշխատակիցներն այդ ամենին հետևում են էկրանների վրա: Առցանց ռեժիմում հնարավոր է հետևել հանքաքարից մետաղի կորզման արդյունավետությանը, խտանյութում պղնձի և մոլիբդենի պարունակությանը և նույնիսկ պոչամբար գնացող հանքանյութի մեջ չկորզված մետաղի պարունակությանը: Տեխնոլոգիական զինվածության այդպիսի բարձր մակարդակը ևս մեկ գրավականն է այն համոզման, որ կոմբինատում ուսումնաարտադրական պրակտիկա անցնող ուսանողները կկարողանան դառնալ ոլորտի լավագույն մասնագետներ: