ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի միջնակարգ և Իշխանասարի հիմնական դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով։ Դասերը սկսվում են 9.00-ին և ավարտվում 13.00-ին։

ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են կատարված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:

Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: