Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 30 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 աշակերտներ: Երկրորդ փուլ անցած 30 մասնակիցներից 5-ը ՀՀ դպրոցականներն էին: Հաղթահարելով երկրորդ փուլը՝ բոլորն արժանացել են մեդալների:

«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանն արժանացել է ոսկե, «Քվանտ» վարժարանի և Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանը և Համլետ Կարայանը՝ արծաթե, իսկ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի սաներ Ալլա Ավետիսյանը և Արման Հայրապետյանը՝ բրոնզե մեդալների։

Թիմի աշխատանքները ղեկավարել են ԵՊՀ-ի դասախոսներ Գայանե Ղուկասյանը և Սեդա Մարությանը:

ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է թիմի անդամներին և ղեկավարներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ: