ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում իրենց փորձառությամբ զգալի ներդրում ունենալ:

Արթուր Մարտիրոսյանը նախարարության անունից վերահաստատել է առավելագույն ռեսուրսներով փոխհամագործակցված աշխատանքի պատրաստակամությունը՝ նշելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումների ուղղություններն արդեն հստակ են, և հաջորդը գործնական ակտիվ քայլերի փուլն է:

Հանդիպմանը փորձագիտական խմբի անդամ, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրել է խմբի նպատակն ու առաքելությունը, աշխատանքների համակարգումը, խմբի գործունեության ֆինանսավորումը և այլն:

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման, առաջընթաց ապահովելու գործում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմի ընդհանուր գործառույթներն են`

  • Լիսաբոնի և Բոլոնիայի գործողությունների ուղղությունների իրագործում` որպես նորարարական և թափանցիկ կրթության համար անհրաժեշտ որակավորումների հենքի ներդրում,
  • Հարատև կրթության ռազմավարության մշակում` բուհին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Խմբի գործունեությունն ընդլայնվել է ինչպես տեղական հանդիպումներին, այնպես էլ արտերկրում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցության ապահովման, շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների և քննարկումների անցկացման շնորհիվ, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի առաջխաղացման ու վերջինիս մոտեցումներին ու գործիքներին առնչվող հետազոտությունների իրականացման միջոցով:

Փորձագիտական խմբի նպատակն է, այլ գործողություններին զուգահեռ, բուհին տալ խորհրդատվություն հետևյալ բնագավառներում`

  • Որակի ապահովում (ներքին, արտաքին),
  • Եռաստիճան համակարգ. կրթական ծրագրերի բարեփոխումներ, որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներ, թյունինգ,
  • Փոխճանաչում (Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ, Դիպլոմի հավելված, Europass, Լիսաբոնի փոխճանաչման կոնվենցիա):

ԲԿԲՓ անդամները ներկայացրել են նաև փորձագիտական խմբի գործունեությունը, 2021 թ. աշխատանքային պլանը, իրականացված գործողությունները, հնչել են հետագա համագործակցության առաջարկներ: Ըստ հնչած առաջարկների՝ առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը, հաշվի առնելով պետական առաջնահերթությունները, կներկայացնի ոլորտային երեք-չորս խնդիր և ակնկալվող արդյունքները: Խնդիրները կուսումնասիրվեն փորձագետների կողմից, և նրանք որոշակի ժամկետում կվերադառնան դրանց լուծմանն ուղղված գործողությունների պլանով:

Հանդիպմանը քննարկվել են նաև բուհական միջավայրում ակտիվ գործունեություն ծավալելու, դասախոսական համայնքի հետ սերտորեն համագործակցելու ուղիները, ինչպես նաև «Էրազմուս+»-ի շրջանակում իրականացված ծրագրերի լայն տարածման մեխանիզմները՝ արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու նպատակով: