ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը:

Սահմանվել է նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Գործադիրի հուլիսի 15-ի նիստում ընդունված որոշմամբ` պետական բյուջեից նախադպրոցական հաստատության մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կկազմի շուրջ 425 հազար դրամ` տարեկան կտրվածքով: Ֆինանսավորման նոր բանաձևը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ առ այսօր ֆինանսավորման չափերը կարգավորող միասնական նորմատիվային իրավական ակտ նախադպրոցական հաստատությունների համար սահմանված չէ: Ներկայում խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման նյութատեխնիկական և ուսումնամեթոդական պայմանները, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության չափերը:

Կան դեպքեր, երբ նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների միջին հաճախումների թիվը, մեկ այլ դեպքում` հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը: Արդյունքում` արձանագրվում են ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ:

«Հաստատություններում անձնակազմերի վարձատրությունների չափը միևնույն ստաժի և կրթական ցենզի առկայության պայմաններում շատ տարբեր են: Ներկայացվող ֆինանսավորման նոր կարգը նպատակ ունի կարգավորել դաշտը՝ առաջարկելով ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն»,- նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Նոր որոշմամբ` նախատեսվում է նոր բանաձևով հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը` հիմք ընդունելով պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը։ Ընդ որում՝ որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայում Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծությունները: Պահպանման տարեկան ծախսերի հաշվարկը կկատարվի փաստացի ծախսերի ուսումնասիրության արդյունքում ձևավորված միջին մեծությունների հիման վրա։

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ նոր կարգով դաշտը կկանոնակարգվի միասնական մեթոդաբանության կիրառման շնորհիվ:

Հիմք ընդունելով վիճակագրությունը, որ նախադպրոցական կրթությունն անհասանելի է հատկապես հավելյալ աջակցության կարիք ունեցող խմբերի համար, ինչպես նաև հաշվի առնելով, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է բյուջեի ծախսերի ավելացում, առաջարկվում է ժամանակացույց: Մասնավորապես, նախադպրոցական հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը, ըստ տարիների, առաջնահերթ կիրականացվի հետևյալ թիրախային խմբերի համար.

•2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

•2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար,

•2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։

Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ, ֆինանսավորման նոր բանաձևն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորվող խմբերի նորմատիվ չափաքանակ, որը հետագայում կարող է ուղենիշային հանդիսանալ ոլորտի ամբողջական ֆինանսավորման համար:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ֆինանսավորման նոր մոդելի կիրառման արդյունքում նախադպրոցական համակարգի աշխատողների վարձատրության ավելացումը, ընդգծել է, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է տեղի ունենա մասնագիտական որակավորման աճին զուգահեռ:

«Մենք կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց մասնագիտական որակավորման բարձրացման»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ֆինանսավորման միասնական նորմատիվ ակտի ընդունումը նախատեսված է 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով: