«Գոտի և ուղի» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովի շրջանակում ամփոփվել են 2020 թվականին անցկացված ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքները:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մրցույթի երկու անվանակարգում՝ «Ճարտարապետական նախագծում» և «Կոնստրուկտիվ նախագծում», ներկայացրել են 6 նախագիծ, որոնցից երկուսն արժանացել է մրցանակի:
«Ճարտարապետական նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ Վահրամ Աղաջանյանի և Լեռնիկ Գալստյանի «Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքի գրադարանի ռեվալորիզացիայի հայեցակարգ» նախագիծը (ղեկավարներ` պրոֆեսոր Արտյոմ Ալոյան, դոցենտ Հովհաննես Սանամյան) արժանացել է պատվոգրի, իսկ «Կոնստրուկտիվ նախագծում» անվանակարգում նույն ֆակուլտետի ուսանող Մարիետտա Գևորգյանի «Ջերմուկ քաղաքի հյուրանոցի, կամրջի և բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում» նախագիծը (ղեկավար` պրոֆեսոր Հայկ Ասատրյան)՝ մրցանակային երրորդ տեղի և դրամական պարգևի:
Մրցութային հանձնաժողովի կազմում է եղել ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժ/պ, ճարտարապետության գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Շատվորյանը, որը ևս արժանացել է պատվոգրի և դրամական խրախուսանքի: