ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորմանը վերաբերող հարցեր:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ նախագահության անդամներ, գիտական կազմակերպությունների տնօրեններ:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է այս տարվա մայիսի 13-ին ՀՀ կառավարության 747-Լ որոշմամբ հաստատված գիտական կադրերի որակավորման նոր կարգը և գնահատման չափանիշները, որով սահմանվել են գիտական կադրերի նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները:

Ըստ այդմ` 2022 թ. հունվարից գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան, որով պայմանավորված՝ գիտական կադրերի որակավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի 2021 թ. հոկտեմբերին, որպեսզի գալիք տարվա պետական բյուջեում կատարվեն համապատասխան փոփոխություններ: