Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Միներվա» ծրագրի վերաբերյալ («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») աշխատանքային խորհրդակցություն՝ համալսարանի ստորաբաժանումների մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկայացվել են «Միներվա» ծրագրի թիրախային նպատակադրումները, կատարված աշխատանքն ու ձեռքբերումները, մասնավորապես ՀՊՏՀ-ի՝ EURAXESS-ին (համաեվրոպական հետազոտողների հարթակ) ներկայացրած հայտը, որն արդեն փորձաքննության փուլում է:

Ներկաներն անդրադարձել են նաև Բեռլինի հռչակագրին անդամակցությանը, «բաց գիտության» համակարգի, հետազոտությունների բազայի ներդրման, հակագրագողության համակարգի ձևավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Խորհրդակցության ավարտին քննարկվել է հետազոտական արդյունքի տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը:

Հիշեցնենք, որ «Միներվա» ծրագրին ՀՊՏՀ-ն անդամակցում է 2019 թվականից: Այն ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում. հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։ Ծրագիրը համակարգում է Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիան, տևողությունը 3 տարի է: