Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:

Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ: Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են հայ բառարանների արդիականացմանը, ոլորտի խնդրահարույց հարցերը դիտարկել գլոբալիզացիայի և ազգային գիտական զարգացման դրույթների համատեքստում, կարևորել տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը յուրաքանչյուր ոլորտի, նաև՝ բառարանագրության զարգացման գործում։

Բանախոսները հատկապես նշել են էլեկտրոնային բառարանների թերությունները՝ կարևորելով բազային բառարանների վերանայումը, բարձրաձայնել են հայերենի գանձաբառարանի ստեղծման, երկլեզու և եռալեզու տերմինաբանական բառարանների ստեղծման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում ընդգծվել է 20-րդ դարի 60-70-ականների քառահատոր ակադեմիական և Է. Աղայանի բառարաններն արդիականացնելու խնդիրը: «Թարմացվելով դրանք նոր կյանք կստանան»,- եզրակացրել են բանախոսները:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում: