Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փաստել է, որ 2021 թվականը հարուստ է հոբելյաններով, որոնք վերաբերում են անշրջանցելի անունների՝ ականավոր երաժիշտների, անվանի մշակութային գործիչների:

«Հոբելյանների այդ առատությունն անվանի ստեղծագործողների, մտավորականների ժառանգությունը ոչ միայն հիշելու և վերաիմաստավորելու, այլև պետական մշակութային քաղաքականության իրականացման մեխանիզմ և գործիքակազմ դառնալու հնարավորություն է տալիս մեզ՝ հանրահռչակելով արժեքներ, փոխանցելով ուղերձներ և ազդակներ այդ արժեքների վերաբերյալ: Կյանքը ցույց է տվել, որ մշակույթն ամենազորեղ և կենսունակ գործիքն է հանրությանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու առումով»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել մշակութային միջոցառումների թերապևտիկ դերն ու նշանակությունը հանրության կյանքում:

Ըստ Ա. Խզմալյանի՝ մի կողմից հասկանալի է, որ կյանքը պետք է շարունակվի, որ մշակութային միջոցառումները պետք է տեղի ունենան, մեր արժանավոր, ականավոր հոբելյանների անունները պետք է կրկին հիշատակվեն ու նշվեն, իսկ մյուս կողմից դժվար է պահպանել հանդիսավորության և այն աշխարհաքաղաքական համայնապատկերի հավասարակշռությունը, որի համատեքստում ընթանում են այդ միջոցառումները. «Սա պահանջում է զգոնություն, զգաստություն, իրավիճակի ճշգրիտ թելադրանք: Այո՛, այդ միջոցառումները տեղի կունենան, բայց պետք է լինեն այն ձևաչափի և տրամաբանության մեջ, որ չհակասեն հանրային լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին»:

Արա Խզմալյանի համոզմամբ՝ Առնո Բաբաջանյանն ու Էդվարդ Միրզոյանը, որոնց 100-ամյա հոբելյաններն են նշվում, անուններ են, որոնք թանկ են ոչ միայն մշակութային ստեղծագործական, այլև քաղաքացիական, հասարակական առումներով:

«Մեր մեծանուն հոբելյարներին նվիրված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է, մյուս մասն իրականացվում են, և ես մաղթում եմ, որ կյանքը շարունակելու, մշակույթի միջոցով տրամադրությունները փոխելու կամքը լինի ամուր և հետևողական»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել նախարարության ենթակայությամբ գործող ստեղծագործական կառույցների ղեկավարներին այդ կարևորագույն առաքելության գործում ներդրած ջանքերի համար:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը նշել է, որ ֆիլհարմոնիան՝ «Առնո Բաբաջանյանի» անվան համերգասրահը, Մաեստրոյի հոբելյանի նշումը մեկնարկել է Առնո Բաբաջանյանի շիրիմին այցելությամբ և ծաղկադրման արարողությամբ, այնուհետև կոմպոզիտորի արձանի հարակից տարածքում տեղի է ունեցել հոբելյանական համերգ: Նրա տեղեկացմամբ՝ տարեսկզբին նախատեսված մի շարք հոբելյանական միջոցառումներ, համավարակով պայմանավորված, տեղափոխվել են տարվա երկրորդ կես: Ֆիլհարմոնիայի տնօրենը նաև հույս է հայտնել, որ բոլոր միջոցառումները կիրականացվեն արդեն նախանշված ժամկետներում: Նա նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում հուլիսի 3-ից իրականացնում է բացօթյա համերգներ: «Բաբաջանյանը Երևանում» խորագրով համերգների ընթացքում հնչում են կոմպոզիտորի էստրադային ստեղծագործությունները:

«Տարվա երկրորդ կեսին կանդրադառնանք Մաեստրոյի դասական ժանրի ստեղծագործություններին: Ֆիլհարմոնիան տարբեր նվագախմբերի հետ համագործակցության ծրագրեր ունի, նախատեսում է աշխատել արտերկրի մենակատարների հետ: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Առնո Բաբաջանյանը միջազգային արտիստ էր, ուստի նրա հոբելյանը պետք է նշել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, բոլորն Առնո Բաբաջանյանին համարում են հարազատ կոմպոզիտոր»,- եզրափակել է Արտյոմ Նաղդյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը նշել է, որ կենտրոնը նույնպես անմասն չի մնացել Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյանական ծրագրերի իրականացման գործից և հուլիսի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կանցկացնի համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին: Համերգը կիրականացվի Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Նրա տեղեկացմամբ՝ համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները։

«Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այդ համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլև նպատակ ունի նպաստել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան հանրահռչակմանը»,- ասել է ԿԵԱԿ տնօրենը և հավելել, որ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով առաջիկայում ԿԵԱԿ երաժշտախմբերը համերգներով հանդես կգան նաև Կապանում, Գորիսում և այլ քաղաքներում։

Անդրադառնալով Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառումներին՝ Նորայր Նազարյանը տեղեկացրել է, որ անվանի դաշնակահար Վահագն Հայրապետյանը Բաբաջանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները կմատուցի ջազային տարբերակով:

«Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայրապետյանի տրիոն հուլիսի 27-ին հանդես կգան Սյունիքի մարզում՝ Կապանի մշակույթի տանը, հուլիսի 28-ին՝ Գորիսի թատրոնում: Համերգները կղեկավարի Ռոբերտ Մլքեյանը: Հուլիսի 31-ին համերգային նույն ծրագրով հանդես կգան Կամերային երաժշտության տան դիմացի բակում»,- հայտնել է Նորայր Նազարյանը և հավելել, որ հոբելյանական համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ ներկայացրել է նվագախմբի համերգները՝ նվիրված հոբելյաններին, ինչպես նաև անդրադարձել է նոտաների թվայնացման, պահպանման աշխատանքներին, կոմպոզիտորների մոռացված բարձրարժեք ստեղծագործությունների կատարումներին: Բալբաբյանը խոսել է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման մասին, անդրադարձել դրանց տարածմանը միջազգային մեդիա հարթակներում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության մեջ նույնպես ներառվել են տարվա բոլոր հոբելյանները:

«Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին, բայց այս տարին հոբելյանաշատ է, քանի որ 2021 թվականին լրանում են Ալեքսանդր Սպենդիարյանի 150, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի 100-ամյակները, Ջոն Տեր-Թադևոսյանի 95 և մեր ժամանակակիցներ Միխայիլ Կոկժաևի 75, Երվանդ Երկանյանի 70-ամյակները»,- նշել է Սարգիս Բալբաբյանը և հավելել, որ կատարվում են նոտաների թվայնացում, պահպանում և հետագա տարածում մենակատարների, կատարողների և նվագախմբերի շրջանում։ Կարևոր տեղ է հատկացվում նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցմանը և տարածմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Նրա փոխանցմամբ՝ համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։ Հուլիսի 15-ին կայանալիք երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։