ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր:

Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Գյումրու պետական տեխնիկական և Ինֆորմատիկայի պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով փորձարարական կարգով ներդրվելու է «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորման պետական կրթական չափորոշիչը: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվել է 10 անվճար և 10 վճարովի ուսուցման տեղ: