Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2 տասնյակից ավելի ուսանողներ ճարտարապետության և դիզայնի ավարտական միջազգային մրցույթ-ստուգատեսում զբաղեցրել են մրցանակային տեղեր:

ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) նախաձեռնած ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների 29-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսին: ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանի խոսքով՝ այս տարի մրցույթին մասնակցությունն աննախադեպ է եղել՝ համավարակի ստեղծած դժվարությունների, հեռավար ձևաչափի և մասնակից բուհերի ներկայացուցիչների կողմից արժանացած բարձր գնահատականի ու հիացական կարծիքների առումով:

Մրցույթում ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետից 8 ուսանող արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, 2 ուսանող՝ 2-րդ կարգի: Դիզայնի ֆակուլտետից 1-ին կարգի դիպլոմ է ստացել 7 ուսանող, ևս 4-ը ստացել է 2-րդ կարգի դիպլոմ: Բացի դրանից՝ բացառիկ ղեկավարման համար դիպլոմներ են շնորհվել Հովհաննես Սանամյանին, Արսեն Ալոյանին, Հայկ Ասատրյանին:
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել մրցանակակիրներին և նրանց ղեկավարներին՝ ներդրած ջանքերի և միջազգային ասպարեզում համալսարանի պատիվը բարձր պահելու համար: