ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեության ֆինանսավորման կարգում:

Առաջարկվող փոփոխությամբ ՏՄԱԿ անձնակազմերում կսահմանվեն հաստիքներ և աշխատավարձերի միասնական քաղաքականություն, կնորմավորվեն կենտրոնների պահպանման ծախսերը, կբարելավվի այդ կառույցների ընդհանուր ֆինանսական վիճակը: Ըստ այդմ` ֆինանսավորման համար հիմք կհանդիսանան ինչպես կենտրոնի կողմից սպասարկվող սաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։

Մշակվել է ֆինանսավորման նոր բանաձև, որով կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափի որոշման համար սահմանվել են գործակիցներ: Հաշվի կառնվի սպասարկվող տարածքում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ նաև նախակրթարանների, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը:

Միաժամանակ նոր բանաձևը լուծումներ է առաջարկում նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման համար:

Հաստատված ֆինանսավորման նոր կարգը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում մանկավարժահոգեբանական ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման նպատակ է հետապնդում: Ակնկալվում է, որ ներառական կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայություններն առավել արդյունավետ կիրականացվեն: Միաժամանակ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն կցուցաբերվի իրենց կցված տարածքների բոլոր ուսումնական հաստատությունների սովորողներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին: