«Այսօր իրականացել է իմ երազանքներից մեկը՝ Ռուսական արվեստի թանգարանում բացվել է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Սա կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը: Այս առիթով մեկ հարկի տակ ենք հավաքել հեղինակի ստեղծագործությունները՝ Աբրահամյանի հավաքածուից և Հայաստանի ազգային պատկերասրահից: Սա լավագույն միջթանգարանային համագործակցությունն է»,- Մ. Վրուբելի 165-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողության ողջույնի խոսքում նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Նա հավելել է, որ ցուցադրությունը հետաքրքիր է նաև կոնցեպտուալ առումով՝ գունային լուծումներով, համադրողական տեքստերով: Նրա տեղեկացմամբ՝ ցուցանմուշներին կից ներկայացված են մեծանուն արվեստագետների և հենց հեղինակի կարծիքն իր գործերի մասին:

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վրուբել» խորագրով ցուցահանդեսը նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վրուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցադրությունը կգործի հուլիսի 1-ից օգոստոսի 20-ը:

Առաջին անգամ ՀՀ-ում՝ Ռուսական արվեստի թանգարանում, ներկայացվում են Մ. Վրուբելի այն աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։ Ցուցահանդեսին ներկայացված 13 ստեղծագործություններից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի, 4-ը` Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Այդ աշխատանքները Մ. Վրուբելին ներկայացնում են որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։

Կարևորելով միջթանգարանային համագործակցությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը շեշտել է, որ սիրով են աշխատում Ռուսական արվեստի թանգարանի հետ, որովհետև նրանց ծրագրերը միշտ հետաքրքիր են:

«Հայաստանի ազգային պատկերասրահի հոբելյանական տարում թանգարանում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, այդ իսկ պատճառով ցուցանմուշների մեծ մասը չի ներկայացվում այցելուներին, սակայն մենք համագործակցությունների միջոցով լրացնում ենք բացը: Այս ցուցահանդեսին պատկերասրահի տրամադրած ինը ստեղծագործությունն արժեքավոր է ու հարստացրել է ցուցադրությունը»,- նշել է ֆոնդապահը:

Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակից Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը ցուցահանդեսի կայացման գործում կարևորել է թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի դերը, որն իր անձնական հավաքածուի բազմաթիվ կտավներ է նվիրել թանգարանին:

«Ուրախ ենք, որ հայ արվեստասերները կարող են ծանոթանալ ռուս մեծ նկարչի ստեղծագործություններին, շփվել ռուսական արվեստի հետ: Միխայիլ Վրուբելի աշխատանքներն առանձնանում են 19-20-րդ դարերի ռուսական կերպարվեստի պատմության մեջ»,- նշել է Վահրամ Կարապետյանը:

Այցելուներն առաջին անգամ հնարավորություն ունեն տեսնելու Մ. Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առթիվ հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ են կատարել Այվազովսկին, Սուրիկովը, Շիշկինը, Րեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը, Վրուբելը և այլոք։

Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի (Մոսկվա) տրամադրած թվային նյութերն այս ցուցահանդեսը դարձրել են առավել հետաքրքիր և տեղեկատվական։

Նշենք, որ Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ և «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ։