Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստագետներ:

«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են, և նման գործընկերային հուշագրի ստորագրումը երկու երկրների արվեստի բուհերի միջև շատ ուրախալի է: Մշակութային այս կառույցների միջև սա նոր բարեկամության սկիզբ է»,- նշել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Ողջունելով հուշագրի ստորագրման արարողության կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վստահություն է հայտնել, որ վավերացվող փաստաթղթում ամրագրված համագործակցությունը գործնական փուլում կիրականացվի բարձր մակարդակով: Նախարարի տեղակալը նաև ցանկություն է հայտնել հետագայում քննարկման արդյունքում նմանատիպ հուշագրեր ստորագրել նաև մյուս բուհերի հետ՝ մասնագիտական այլ ոլորտներում ևս համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:

«Նմանատիպ հուշագրերի ստորագրումը արվեստի, կրթության, գիտատեխնիկական ոլորտներում առավել կսերտացնի երկու երկրների մասնագիտական շրջանակները՝ ապահովելով շարունակական և արդյունավետ համագործակցություն»,- նշել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ երկու երկրների Գեղարվեստի և Արվեստների ակադեմիաների միջև այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի մասնագիտական տարբեր շրջանակներին մասնակցելու փոխանակման ծրագրերին, սեմինարներին, դասախոսություններին, վերապատրաստման դասընթացներին, տարբեր աշխատարաններին, և գիտական ​​կարողությունների խթանմանն աջակցելու նպատակով կիրականացվեն փոխադարձ մասնագիտական ​​հմտությունների զարգացմանը միտված այլ ծրագրեր ևս:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ համագործակցության հիմքեր ստեղծելու և այն զարգացնելու կարևորագույն գործոնը երկկողմ ճանաչողությունն է: Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև մշակույթի ոլորտում ընթացող համագործակցությունը հենց այդ գործոնն է, որը հանարավորություն է ընձեռում շարունակել փոխգործակցությունը նաև մյուս ուղղություններով: Դեսպանը հորդորել է նաև իրականացնել համատեղ աշխատանքները՝ նախանշելով առաջիկա անելիքների ձևաչափն ու ժամանակացուցը:

ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ նշել է, որ երկուստեք ջանքեր են գործադրվել նման փաստաթղթի ստորագրումը իրականություն դարձելու ուղղությամբ, ուստի պետք է քայլեր ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար: Նա տեղեկացրել է, որ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ՝ արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» խորագրով մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետները: Առաջիկայում կընտրվեն հաղթողներ և Հայաստանում կբացվի նույն խորագրով ցուցահանդես:

Նշենք, որ հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն և համատեղ աշխատանքներ կիրականացնեն բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ` խթանելով ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում: Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր: