Տավուշի մարզի Ենոքավան համայնքում անցկացվել է «Հայ բույս 2021» յոթերորդ փառատոնը:

Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը:

Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը, փառատոնին մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի «Կենսաբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, որոնք ներկայացել են իրազեկող տաղավարով: Այն կրել է «Ի՞նչ ենք մենք օգտագործում՝ ո՞ւրց, թե՞ ուրցադաղձ» խորագիրը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագուլյանի հավաստմամբ՝ ուրցը Հայաստանում լայնորեն օգտագործվող դեղատու տեսակներից է, և մարդիկ հաճախ ուրցի հետ մեկտեղ սխալմամբ հավաքում և կիրառում են խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող այլ ցեղի տեսակները, որոնք չունեն ուրցի բուժիչ հատկությունները:

Փառատոնի հյուրերի համար կազմակերպվել է թեյախմություն՝ ուրցն ուրցադաղձից նաև օրգանալեպտիկ հատկություններով՝ համով և հոտով տարբերելու նպատակով:

Ներկայացվել է նաև մանրադիտակային սնկերով օդի աղտոտվածության հիմնահարցը, և որպես օդի մաքրման առավել անվտանգ և հասանելի եղանակ՝ ուսանողների կողմից առաջարկվել է օգտագործել ֆիտոնցիդային ակտիվությամբ օժտված բույսեր։

Ամփոփելով փառատոնը՝ մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ, մասնակցել ուսուցողական միջոցառումներին և ինտերակտիվ խաղերին։