Հունիսի 26-ից հուլիսի 2-ը ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրում կազմակերպվել է ամառային ֆրանկոֆոն դպրոց-ճամբար, որին մասնակցում են 14-17 տարեկան 30 պատանիներ:

Ճամբարին ներգրավված են Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների և ոչ խորացված դպրոցների` ֆրանսերենից լավագույն գիտելիքներ ունեցող աշակերտները: Նրանք մեկ շաբաթ շարունակ հաղորդակցվում են միայն ֆրանսերենով: Ճամբարի սաները մասնակցում են Ֆրանսիայից ժամանած 5 արհեստավարժ դասընթացավար-խաղավարների ուսուցողական հետաքրքիր նախագծերին, որոնք նաև իրական ֆրանկոֆոն միջավայր ունենալու և ֆրանսիացիների հետ շփվելու հրաշալի առիթ են:

Ճամբարային միջավայրը նաև նպաստել է Հայաստանի տարբեր դպրոցների ֆրանկախոս երեխաների համախմբմանը, ինչը հետագայում կարող է նախադրյալ դառնալ այդ շրջանակում միջդպրոցական կրթական նոր նախագծերի իրականացման համար։

Ճամբարը կազմակերպվել է Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզի» համատեղ ջանքերով:

Ֆրանկոֆոն դպրոց-ճամբարի նպատակն է սովորողների շրջանում խթանել ֆրանսերենով հաղորդակցման զարգացումը, ինչպես նաև նպաստել ֆրանկոֆոն մշակութային երաժշտական, թատերական և այլ խմբակային նախագծերի իրականացմանը:

Ճամբարի առօրյային տեղում ծանոթանալու նպատակով երեխաներին այցելել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը:

Ճամբարի ուսումնական ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։ Ամառային դպրոցի աշխատանքը կեզրափակվի «Թումո» ստեղծարար կենտրոնի տեխնոլոգիաների և ծրագրերի հետ ծանոթացմամբ: