ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40 կանայք։ Դասընթացները տեսանկարահանվելու են և ծրագրի ավարտին հասանելի են լինելու առցանց տարբեր հարթակներում՝ կից ներկայացված ճաշատեսակների բաղադրատոմսերով:
Ծրագրի նպատակն է նպաստել հայկական ավանդական ուտեստների պահպանմանը, փոխանցմանն ու տարածմանը հանրության շրջանում, ինչը կնպաստի նաև մասնակից կանանց նոր գիտելիքների ձեռքբերմանը և մշակութային ժառանգության այդ ուղղության կենսունակությանը:
«Սիրիահայերի միություն» ՀԿ-ն ստեղծվել է սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված սիրիահայերի կողմից: 2019 թ. սկսած պետական աջակցությամբ, հասարակական կազմակերպության և սիրիահայ կանանց «Տիկնանց խորհրդի» նախաձեռնությամբ կանանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր են իրականացվում՝ զուգորդելով տեղացի և սիրիահայ կանանց ձեռարվեստի, ուտեստի և արհեստագործության գիտելիքների փորձը և փոխհարստացնելով տեղական կենսունակ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
2019-2020 թթ. ընթացքում մոտ 100 սիրիահայ և տեղացի կանանց համար առկա և առցանց դասընթացներ են կազմակերպվել, որոնց ընթացքում ուսուցանվել են հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների, կարուձևի, ուտեստի պատրաստման հմտություններ և ունակություններ: