Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ այսօր ստացել են ավարտական վկայականներ:

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի 7 և բակալավրիատի 16 շրջանավարտների ավարտական արարողությանը ներկա է գտնվել և նրանց շնորհավորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Ագրարային համալսարանը ՀՀ կրթական համակարգում հաստատուն քայլերով առաջ է գնում և իրականացնում մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են ԿԳՄՍ նախարարության քաղաքականությանը: Ըստ փոխնախարարի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ևս առաջանցիկ տեմպերով զարգացնում է գյուղատնտեսությունը, և այդ առումով կարևոր է, որ բուհի շրջանավարտների գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին:

«Որպեսզի կրթությունը մեկ քայլ առաջ լինի տնտեսությունից, անհրաժեշտ է բուհերում ներդնել կրթական տարբեր ծրագրեր: Դրանց շարքում առանձնահատուկ են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դերն ու նշանակությունը: ԱՄՆ մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ ի դեմս Տեխասի A&M համալսարանի, այս ծրագրի շրջանակում պատրաստվել են ավելի քան 600 մասնագետներ, որոնք առավել քան պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ըստ որոշ հետազոտությունների՝ այդ մասնագետներն այսօր ստանում են միջինից 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ և ունեն մոտ 95 տոկոս աշխատանքի անցնելու ցուցանիշ, ինչը մեր երկրում բացառիկ է՝ որևէ այլ մասնագիտության համեմատ:

Արթուր Մարտիրոսյանի հավաստմամբ՝ վերոնշյալ հաջողությունը բուհում ձևավորված եզակի կրթական միջավայրի շնորհիվ է, որը խթանում է նախաձեռնողականությունը, հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա և խրախուսում է ուսանողների մասնակցությունը տարբեր հետազոտական ծրագրերի: Նա շեշտել է, որ ծրագրի շրջանավարտները միայն կրթություն չեն ստանում, այլ ներգրավված են պրակտիկ աշխատանքներում, ինչը ԿԳՄՍՆ առաջնահերթություններից է: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ բուհերի միջազգայնացման համատեքստում նախարարությունը խրախուսում է դուալ կամ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը նաև բուհական մակարդակում:

«Կրթությունը նաև պաշտպանված և ուժեղ պետություն ունենալու բանալին է, հետևաբար կարևոր է, որ ՀՀ-ում բուհ ավարտած ցանկացած շրջանավարտ ունենա գիտելիքներ ոչ միայն որպես անհատ հաջողության հասնելու, այլև հանրության մեջ իր սոցիալական դերակատարումն ունենալու և հայրենիքի առջև իր պարտքը կատարելու առումով»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ:

Վերջիններիս շնորհավորել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կոջոյանը, բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ICARE-ի ներկայացուցիչներ Արմեն Ասարյանը և Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն արդեն 20 տարի է՝ առաջարկում է ագրոբիզնեսի բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրեր: Ուսուցումն անգլերենով է, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը հիմնված են ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի համապատասխան կրթական ծրագրերի վրա: Ավարտելով կենտրոնը՝ ուսանողները ստանում են ՀԱԱՀ դիպլոմ և Տեխասի A&M համալսարանի վկայական:

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը բարձր որակավորմամբ մասնագետներ է պատրաստում տնտեսագիտության, մարքեթինգի և կառավարման ոլորտներում` անգլերենի գերազանց իմացությամբ և հաղորդակցական ժամանակակից հմտություններով: