Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն այսօր տոնում է ծննդյան 75-ամյակը:

Գիտական մեծ ավանդի համար և հոբելյանի առթիվ Սեդա Գասպարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով: Վաստակաշատ լեզվաբանին պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Սեդա Գասպարյանի նման մարդիկ պետք է մշտապես մեծարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարարը 75-ամյա հոբելյանի առթիվ ԵԼՀ ֆակուլտետի հրավիրած գիտխորհրդի ընդլայնված նիստում:

Սեդա Գասպարյանը, 1963 թ. գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը, ընտրել է «Անգլերեն լեզու» մասնագիտությունը: Դեռևս ուսանողական տարիներին իր հետազոտական ու ստեղծագործական ակնհայտ կարողությունների շնորհիվ նա արժանացել է ակադեմիկոսներ Գևորգ Ջահուկյանի և Էդուարդ Աթայանի բարձր գնահատականին ու համալսարանն ավարտելուց հետո նրանց իսկ երաշխավորությամբ աշխատանքի անցել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնում:

1983 թ. Ս. Գասպարյանը Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1994 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1989 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2002 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2014 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Հեղինակ է շուրջ 170 գիտական, գիտամեթոդական և ուսումնամեթոդական աշխատությունների: Զեկուցումներով ու դասախոսություններով հանդես է եկել Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Արգենտինայում, Հունաստանում, Սլովակիայում, Ռուսաստանում և այլուր:

Գիտության, կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, նաև գիտական միջազգային կապերի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար Ս. Գասպարյանն արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման (2013 թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալի (2009 թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակի (2009 թ.):